Armenia Model European Union 2016 is a youth project aiming to increase the knowledge of participants about the interrelations of national and Euro
Սոցիալ-քաղաքական զարգացման մարտահրավերները հետգաղութային հասարակություններում
«Հայկական բարձրագույն կրթության նախաձեռնությունը» «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ հայտարարում է 2015 թվականի ամառային ծրագրի ընդունելություն: Այս տարվա թեման է «Սոցիալ-քաղաքական զարգացման մարտահրավերները հետգաղութային հասարակություններում»` Հայաստանի վրա հատուկ շեշտադրումով: Ծրագրին կարող են մասնակցել հասարակական գիտությունների (օր.` քաղաքագիտություն, մարդաբանություն, սոցիոլոգիա) մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի ուսանողներ, ինչպես նաև ԲՈՒՀ-ը վերջերս ավարտածները (խրախուսվում է հատկապես ասպիրանտուրայի առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների մասնակցությունը): Ծրագրի նպատակներն են զարգացնել մասնակիցների հետազոտական կարողությունները, ինչպես նաև խթանել նրանց, ծրագրի անձնակազմի և դասախոսների միջև կապերի հաստատումը, ինչը հնարավոր կդարձնի գիտության հետ կապված հետագա քննարկումներն ու համագործակցությունը:
Ծրագրի տևողությունը երկու շաբաթ է, և անցկացվելու է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-15:00-ը: Այն կներառի դասախոսություններ, սեմինարներ և քննարկումներ հետևյալ թեմաների շուրջ.
զարգացում, հետզարգացում և գլոբալիզացիա,
դեմոգրաֆիական փոփոխությունները որպես զարգացման գործոն,
քաղաքացիական շարժումների հաջողություններն ու տապալումները,
քաղաքականության հետազոտության և վերլուծության մեթոդներ,
քաղաքական ինստիտուտների դերը զարգացմանը նպաստելու կամ խոչընդոտելու գործում,
ինչպես նաև այս խնդիրներն ուսումնասիրելու և վերլուծելու տեսական և մեթոդաբանական խնդիրները:
Մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր է:
Ծրագրին հաջորդող ժամանակահատվածում շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց հետազոտությունների շրջանակներում համագործակցել ծրագրի հեղինակավոր դասախոսների հետ: Կդիտարկվի նաև հետազոտությունները գրախոսվող անգլիալեզու ակադեմիական «Armenian Review» ամսագրում տպագրելու հնարավորությունը: Ծրագրի շրջանավարտ դառնալուց զատ մասնակիցները հնարավորություն կստանան օգտվել ՀԲԿՆ-ի, «Կիւլպէնկեան» հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի հարուստ ակադեմիական ռեսուրսներից:
Ծրագրի աշխատանքային լեզուն հայերենն է: Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչ կառույցները՝ ապահովելով դիմորդների անվճար մասնակցությունը: Ծրագրի մասնակիցների թիվը սահմանափակ է՝ առավելագույնը 20 հոգի:
Ուղարկեք կից հայտաձևը նշված էլեկտրոնային հասցեին: