The Summer School is organised by the Centre for Media Pluralism and Media Freedom (CMPF) at the Robert Schuman Centre for Advanced Studies of the
Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է «Թվապատում» լրագրողական 2-րդ մրցույթը՝ շարունակելով խթանել Հայաստանում իրականացվող փոփոխությունների լուսաբանումը: Նպատակն է որակյալ լրագրության միջոցով բարձրացնել հասարակության իրազեկումը 3 կոնկրետ ոլորտային ռեֆորմների վերաբերյալ.
- հանրային սեկտորի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացում
- տեղական ինքնակառավարման հզորացում
- սոցիալական բարեկեցության խթանում
«Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» մրցույթը հայտեր է ընդունում 4 հիմնական անվանակարգերում:
Գործող անձ (Homo Agendi)
Ներկայացվող նյութերի առանցքում հերոսն է՝ իր անձնական նվաճումներով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, իրավիճակը բարելավելու, մարդկանց օգնելու մտադրությամբ ու հնարավորությամբ:
Այս անվանակարգում կպարգևատրվեն թե՛ հաղթող նյութի հեղինակը, թե՛ հերոսը՝
յուրաքանչյուրը 300 000-ական դրամով:
Ռեինֆորմացիա. ռեֆորմների լավագույն լուսաբանում
Անվանակարգում կգնահատվեն այն նյութերը, որոնք կպատմեն տարբեր ոլորտներում իրականացվող փոփոխությունների էության, ընթացքի, խնդիրների և խոչընդոտների, հաջողությունների ու անհաջողությունների, այս գործընթացում ներգրավված կառավարության, հանրության, տարբեր կառույցների դերի, նրանց միջև համագործակցության հաջողված փորձերի մասին։
Այս անվանակարգում հաղթող ճանաչված նյութի հեղինակը կստանա 250 000 դրամ:
Դիտակ. հետաքննական լրագրություն
Այս անվանակարգը նախատեսված է լրագրողական հետաքննության ժանրում կամ լրագրողական հետաքննության տարրեր պարունակող նյութերի համար: Աշխատանքները գնահատելիս հաշվի կառնվեն քողարկված կամ անորոշ տեղեկատվության բացահայտումը, փաստերի ստուգումն ու ճշգրտումը, տվյալների լրագրության գործիքների օգտագործումը:
Այս անվանակարգում հաղթողի համար նախատեսված է 250 000 դրամ:
Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում
Կարող են ներկայացվել նյութեր, որոնցում օգտագործված են ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաներ, ինչպիսիք են ինֆոգրաֆիկան, քարտեզն ու գծապատկերը, խաղային տարրերը, քրաուդսորսինգը, ինտերակտիվությունը:
Այս անվանակարգում հաղթողին կշնորհվի 200 000 դրամ:
«Ես քվեարկում եմ. լսարանի վստահության մրցանակ»-ը մրցույթի 5-րդ անվանակարգն է, որի հաղթողին ընտրում են մեդիա սպառողները: Մրցանակաբաշխության ավարտից հետո «Թվապատում» կայքում քվեարկության կդրվեն ժյուրիի կողմից բոլոր անվանակարգերում ընտրված լավագույն 20 նյութերը:
Ամենաշատ քվե ստացած նյութի հեղինակը կստանա 100 000 դրամ:
Կազմակերպիչներն ակնկալում են, որ մրցույթին ներկայացված աշխատանքները կանդրադառնան վերոնշյալ 3 ոլորտների փոփոխություններին, աչքի կընկնեն օբյեկտիվությամբ, քննադատական և ստեղծագործական մոտեցումներով, կլինեն տեղեկատվական, բացատրական և բացահայտող։ Կգնահատվի նաև նյութի տեխնիկական որակը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։
Մրցույթին կարող են ներկայացվել նյութեր հայաստանյան բոլոր լրատվամիջոցներից՝ անկախ տեսակից (հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, օնլայն) և ժանրից (լրատվական նյութ, հատուկ ռեպորտաժ, վերլուծական հոդված, հարցազրույց, լրագրողական հետաքննություն, հեղինակային սյունակ, վավերագրական ֆիլմ, ֆոտոռեպորտաժ, ժամանակակից մուլտիմեդիա ժանրեր և այլն):
Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 3 նյութ՝ միևնույն կամ տարբեր անվանակարգերում:
Նյութերը պետք է լրատվամիջոցներում հրապարակված լինեն 2015 թ․ սեպտեմբերի 1-ից 2016 թ․ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում: